Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը. 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին. 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ սույն հոդվածում՝ քաղաքացի) զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերելու քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաև զենքի այլ տեսակներ՝ մալած վիճակում. 3. Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել առավելագույնը 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ. 4. Քաղաքացու ձեռք բերած զենքը ձեռքբերման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում. 5. Քաղաքացին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել սույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված փաստաթղթերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 6. Բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի սահմանած կարգով հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն: Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, կամ նրանք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի: Պետական մարմինների կողմից քննություն անցկացվելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով. 7. Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝ 1) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը). 2) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն oրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված չէ. 3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ, 308-313-րդ և 315-321-րդ հոդվածներով նախատեսված կամ հրազենի գործադրմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց՝ անկախ դատվածությունը օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված լինելու հանգամանքից. 4) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 5) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչև ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը)․ 6) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց. 7) զենքի շրջանառության կանոնները մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտած անձանց. 8) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց. 9) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց․ 10) այն անձանց, որոնց նկատմամբ կիրառվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում. 11) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց. 12) այն անձանց, որոնց վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալիք ներկայացնելու մասին հիմնավոր կասկած. 8. Տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ զենքը (այդ թվում՝ ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքը ու կայծային պարպիչները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները գրանցման և հաշվառման ենթակա չեն, և քաղաքացիներն իրավունք ունեն դրանք ձեռք բերելու առանց թույլտվության: |