Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 14
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝ ազգային ջրային պաշար՝ այնպիսի որակի և քանակի ջրեր, որոնք պահանջվում են մարդկանց հիմնական կարիքները ներկայում և ապագայում բավարարելու, ինչպես նաև ջրային էկոհամակարգերը պահպանելու և տվյալ ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու համար. օգտագործելի ջրային ռեսուրսներ՝ ջրային ռեսուրսների այն մասը, որը կարող է բաշխվել սպառման համար՝ առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը. ջրային ռեսուրսներ՝ բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներ` մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր. ջրային համակարգ՝ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայն չսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները, թունելները, ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրհեռները, ջրատարները, ջրանցույցները, ջուր ամբարող այլ կառույցները, մեքենաները, սարքավորումները, սարքերը, որոնք կառուցվում, տեղաբաշխվում կամ օգտագործվում են ջրերը պատնեշելու, ամբարելու, փոխադրելու, բաշխելու, ջրահեռացման, հսկման, արդյունահանման, էլեկտրաէներգիայի արտադրման, ջրի մաքրման, օգտագործման կամ տեղումների հավաքման համար: Սույն օրենսգրքի նպատակներով ջրային համակարգերը կարող են ընդգրկել ամբողջական համակարգը կամ դրա առանձին մասերը. ջրային հարաբերություններ՝ ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի, այդ թվում՝ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի և ՀՏԿ-ների կամ դրանց մասի տնօրինման, տիրապետման, օգտագործման և պահպանման ոլորտում ծագող հարաբերությունները. անձ՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 հասարակայնության ծանուցում՝ առաջարկվող գործունեության ազդեցության վերաբերյալ շահագրգիռ կողմերի տեղեկացում, որը տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող տպագիր միջոցներում: Ծանուցումը պարունակում է առաջարկվող գործունեության կամ հարցի վերաբերյալ որոշման ներկայացումը և դրանց հավանական ազդեցությունների համառոտ նկարագիրը, այն վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ առաջարկվող գործունեությանը կամ որոշմանը, առաջարկվող գործունեության կամ որոշման վերաբերյալ գրավոր դիտողությունները, այն վայրը, որտեղ կարող են հանձնվել դիտողությունները, դրանց ներկայացման իրատեսական ժամկետները, ինչպես նաև դիտողությունների հասարակական լսման ժամկետները և վայրը. հասարակական շահ՝ ջրային հարաբերություններում այնպիսի գործողություն, որի հիմնական նպատակն է օգտակար լինել հասարակությանը. ջրային ռեսուրսների կառավարում՝ ջրային ռեսուրսների պահպանման, առաջարկի ձևավորման, պահանջարկի պլանավորման, բաշխման, արդյունավետ օգտագործման ու մշտադիտարկման, սոցիալ-տնտեսական և էկոլոգիական բարեկեցության ու կայունության ապահովման գործընթաց. ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում՝ կառավարման համակարգ, որը հիմնված է գետավազանի սահմաններում գտնվող ջրային ռեսուրսների և դրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի հաշվառման և փոխկապվածության վրա. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, որը պատասխանատու է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության համար. Ջրային համակարգերի կառավարման մարմին՝ նախարարությանը ենթակա մարմին, որը պատասխանատու է ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպման, ջրային համակարգերի կառավարման, դրանց անվտանգության ապահովման և պահպանության համար. ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմին. Կարգավորող հանձնաժողով՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մարմին. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 ջրի ազգային քաղաքականություն` ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի ռազմավարական օգտագործման և պահպանության հեռանկարային զարգացման հայեցակարգ. ջրի ազգային ծրագիր՝ ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման և պահպանության հեռանկարային զարգացման հիմնական փաստաթուղթ, որով իրականացվում են սույն օրենսգրքով սահմանված խնդիրները. ջրավազանային կառավարման պլան` ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման և պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի նպատակների իրականացման համար. պետական ջրային կադաստր՝ մշտապես գործող համակարգ, որը համապարփակ տվյալներ է գրանցում ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների, ջրհավաք ավազանների, ջրավազանների հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի, կենսառեսուրսների կազմի ու չափաքանակների, ջրօգտագործողների, ջրօգտագործման թույլտվությունների մասին. ջրային ռեսուրսների մոնիտորինգ՝ ջրային ռեսուրսների նկատմամբ կանոնակարգված դիտարկումների (ջրաերկրաբանական, ջրաբանական, ջրաֆիզիկական, ջրաքիմիական և ջրակենսաբանական), դրանց արդյունքում ստացված տեղեկատվության հավաքման, մշակման, ջրային ռեսուրսների որակական և քանակական գնահատման ու փոփոխությունների կանխատեսման և ջրային ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվության տրամադրման համակարգ. ջրօգտագործում` ջրային ռեսուրսից ջուր վերցնելը, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաև ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը. ջրօգտագործող՝ ջրօգտագործում իրականացնող անձ. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվեհամարին հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող ջրօգտագործողների փոխանցած ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը կամ լուծարմանը. ջրօգտագործման թույլտվություն՝ փաստաթուղթ, որը ներառում է ջրօգտագործման, այդ թվում՝ ջրային ռեսուրսից ջրառի, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման և ջրի վերադարձի հետ առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները. ազատ ջրօգտագործում` ջրօգտագործում, որը չի պահանջում ջրօգտագործման թույլտվություն. ջրամատակարարում՝ ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին տրամադրված` ջրօգտագործման ոլորտին անհրաժեշտ քանակի և համապատասխան որակի ջրի մատակարարում. ջրահեռացում՝ գործընթաց, որը թույլ է տալիս ջրահեռացման համակարգերի միջոցով իրականացնել կեղտաջրերի հավաքումը, մաքրման կառուցվածքներ տեղափոխումը, դրանց մաքրումը և արտանետումը ջրային ռեսուրս կամ տրամադրումը կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման. ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն` ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների այնպիսի կազմակերպում, որը կապահովի հավասար հասանելիություն ջրօգտագործողներին, այդ թվում՝ այդ ծառայությունների հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից խոցելի և մեկուսացված խմբերում ներառված անձանց համար. ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբեր` այն խմբերը, որոնք ընդգրկում են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման իրենց իրավունքներն իրացնելիս դժվարություններ կրող ֆիզիկական անձանց. ոչ մրցակցային ջրամատակարար՝ ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձ՝ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման կենտրոնացված համակարգով ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպություն, որը չունի կամ չի կարող ունենալ մրցակից. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որի առաջնային նպատակը ջրերի ամբարումն է, խմելու ջրի մատակարարումը, կեղտաջրերի մաքրումը և ոռոգման ծառայությունների մատուցումը բնակչությանը, և որի միջոցով մատուցվող ծառայությունները միակն են. ջրամատակարար՝ ջրառ իրականացնող, ջուրն ամբարող և (կամ) այն ջրօգտագործողներին մատակարարող անձ. պետական կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող իրավաբանական անձանց. մասնավոր կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն անհատ ձեռնարկատերերին և (կամ) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) չունեցող իրավաբանական անձանց. ոռոգման ջրամատակարարման կառավարում` ոռոգման ջրի պահանջարկի, պլանավորման, մատակարարման և բաշխման ոլորտում ջրամատակարարներին ներկայացվող պահանջներ. կոնցեսիայի պայմանագիր՝ ջրային համակարգի կամ դրա մասի նկատմամբ օգտագործման իրավունքների փոխանցման գրավոր պայմանագիր. ջրային հողեր՝ ջրային համակարգերի օգտագործման և պահպանության համար առանձնացված հողեր. ջրային համակարգի կառավարիչ՝ անձ, որին սահմանված կարգով տրված են ջրային համակարգի օգտագործման իրավունքը և պահպանման պարտավորությունը. կշռային գործակից՝ տոկոսային կամ բացարձակ մեծություն, որի միջոցով որոշվում է մրցույթի հաղթողը. անդրսահմանային ջրային ռեսուրսներ՝ պետական սահմանը հատող, պետական սահմանը նշող կամ նրա վրա գտնվող մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրային ռեսուրսներ, որոնց սահմանաբաժան (դեմարկացիոն) գծի կողմերից մեկում ընկած հատվածի հատակը և ափերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը. ջրերի ստանդարտներ` ջրերի որակական և քանակական չափանիշներ և պահանջներ, որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսների (ներառյալ՝ ազգային ջրային պաշարի) քանակի պահպանության և ջրային ռեսուրսների որակի բարելավման համար. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 ջրի որակի նորմ` մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմնի կամ գետավազանի բնական առանձնահատկություններին բնորոշ և դրանցից բխող ջրի որակական ցուցանիշների համակցություն. մակերևութային ջրային ռեսուրսի ինքնամաքրում` մակերևութային ջրային մարմիններում բնական (ֆիզիկական, քիմիական և կենսաբանական) փոխկապակցված գործընթացներով պայմանավորված մակերևութային ջրային մարմնի ջրի որակի բարելավում. սակագին՝ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար Կարգավորող հանձնաժողովի սահմանած գին. ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշներ` ՀՏԿ-ների և դրանց օգտագործման պայմանների վթարային վիճակի ռիսկային արժեքներ. աղտոտում՝ ջրային ռեսուրսի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների ուղղակի կամ անուղղակի փոփոխում, որի պատճառով այն դառնում է՝ 1) նվազ պիտանի այն օգտակար նպատակի համար, որը տրամաբանորեն կարելի էր ակնկալել դրա օգտագործմամբ, կամ՝ 2) վնասակար կամ հնարավոր վնասակար` մարդկանց բարեկեցության, առողջության կամ անվտանգության, ջրային կամ ոչ ջրային օրգանիզմների, ջրային ռեսուրսների որակի կամ հատկությունների համար: Աղտոտումը ներառում է նաև տվյալ էկոհամակարգի համար օտար մարմինների կուտակումը ջրային ռեսուրսում (աղբոտում). ջրային ռեսուրսի հյուծում՝ ջրի ծավալի կամ հոսքի այնպիսի կրճատում և (կամ) որակի փոփոխություն, որի դեպքում առաջանում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում. ջրերի պահպանում՝ ջրերի աղտոտումը և հյուծումը կանխարգելող ու վերացնող միջոցառումներ. կեղտաջրեր` արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման հետևանքով աղտոտված ջրեր, ինչպես նաև բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին չհամապատասխանող անձրևային, հալոցքային կամ դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են ջրային ռեսուրս. սահմանային թույլատրելի կոնցենտրացիա՝ վնասակար նյութի այն քանակը, որի առկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա և չի առաջացնում անբարենպաստ հետևանքներ. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 թույլատրելի սահմանային արտահոսք՝ արտահոսքի այն նորմավորված մեծությունը, որը սահմանվում է ջրերի կետային և (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար. ջրերի վնասակար ներգործություն՝ ողողումներ, էրոզիա, հեղեղումներ, սելավներ, ջրածածկումներ, ափերի պաշտպանական պատնեշների և պատվարների փլուզումներ, գրունտային ջրերի հորիզոնների բարձրացումներ, հողերի ճահճացումներ և աղակալումներ, նոր ձորակների առաջացում, հների հուների խորացում, սողանքային երևույթների ակտիվացում, սակավաջրություն, երաշտ. գումարային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա հավաքական ազդեցություն, որն առաջանում է ջրային ռեսուրսի վիճակի փոփոխությունից և դիտարկվում է այլ գործողությունների ազդեցությունների հետ համատեղ. անդրսահմանային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա վնասակար հետևանքներ, որոնք առաջանում են անդրսահմանային ջրային ռեսուրսների վիճակի փոփոխությունից, եթե փոփոխության աղբյուրը մարդածին է և գտնվում է անդրսահմանային ջրային ռեսուրսի սահմանակից երկրներից մեկում, իսկ դրա ազդեցությունը տարածվում է նաև մյուս երկրների շրջակա միջավայրի վրա. հատուկ պահպանվող ջրհավաք ավազաններ և գերխոնավ տարածքներ` ջրհավաք ավազաններ և գերխոնավ տարածքներ կամ դրանց մի մասը, որոնք ջրերի ստանդարտների պահպանության տեսակետից համարվում են կարևոր և պահանջում են համապատասխան կառավարում, ներառյալ՝ ջրհավաք ավազանները և գերխոնավ տարածքները, կամ դրանց մի մասը, որոնք ջրերի ստանդարտների պահպանության տեսակետից ունեն միջազգային նշանակություն. ջրաէկոհամակարգ` ջրային համակարգի և (կամ) դրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի միջև փոխհարաբերությունների ամբողջականություն. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ` - սանիտարական պահպանման գոտի` բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ, կենցաղային սպասարկման, բուժիչ, կուրորտային և առողջարարական կարիքների պահանջների բավարարման նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսների պահպանման գոտի, - հոսքի ձևավորման գոտի` տարածք, որտեղ ձևավորվում է գետը, - ստորերկրյա ջրերի պահպանման գոտի` տարածքներ, որոնք խոցելի են ստորերկրյա ջրերի համար, |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 - ջրապահպան գոտի` ջրային ռեսուրսների աղտոտումը և հյուծումը կանխելու, ինչպես նաև բարենպաստ ջրային ռեժիմ ապահովելու նպատակով սահմանված տարածք, որը ենթակա չէ մասնավորեցման և առգրավման, - էկոտոն՝ ջրային և ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված անցումային գոտի, որը ներառում է ափամերձ և ջրամերձ տարածքները, - ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետի գոտի` ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետի տարածք, - անօտարելի գոտի` ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի և ՀՏԿ-ների օգտագործման, վերականգնման և պահպանման որոշակի ռեժիմ ունեցող առանձնացված տարածք, որը ենթակա չէ մասնավորեցման կամ առգրավման. էկոլոգիական թողք` ջրի նվազագույն ելք, որն ապահովում է ջրային ռեսուրսի էկոլոգիական հավասարակշռությունը և ինքնավերականգնումը. հեղեղում՝ ցամաքի ժամանակավորապես ջրածածկում, որն արդյունք է հորդառատ անձրևներից կամ ձնհալքներից ջրառաջացման բնական գործընթացի, ինչպես նաև պատվարների և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարման. հեղեղումների առաջացման ռիսկ՝ հեղեղումների առաջացման հավանականության և հեղեղումների հետևանքով մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության, ենթակառուցվածքների, տնտեսական գործունեության պայմանների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների հնարավոր խախտման ու բացասական ազդեցության համադրությունը. ջրային ռեսուրսների օգտագործման նորմավորում` ջրային ռեսուրսի օգտագործման կանոնների, ՀՏԿ-ների օգտագործման կանոնների, ինչպես նաև ջրավազաններից, դրանց հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի և կենսառեսուրսների չափաքանակների սահմանում. ջրային ռեսուրսների պահպանության նորմավորում` սահմանային թույլատրելի մարդածին բեռնվածությունների սահմանում, ջրային ռեսուրսներ վերադարձվող կեղտաջրերի և դրանցում գտնվող նյութերի կազմի սահմանային քանակների սահմանում, ջրօգտագործման և ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակների սահմանում, ջրային ռեսուրսի պահպանման կանոնների սահմանում, ժամանակային կտրվածքով ջրային ռեսուրսներից առավելագույն ջրառի և նվազագույն բնապահպանական հոսքերի չափաքանակների սահմանում. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 ջրաղբյուր` Հայաստանի Հանրապետության գետերի ջրերը, ստորերկրյա ջրերը, մակերեսային տեղական հոսքի ջրերը, որոնք հավաքվում են բնական կամ արհեստական ջրամբարներում, չորացման համակարգի ցամաքուրդային (դրենաժային) ջրերը. ոռոգման ջուր` ոռոգման նպատակով օգտագործվող և ոռոգման ջրի ստանդարտներին համապատասխանող ջրային ռեսուրս, որը կարող է լինել ինչպես մակերևութային, այնպես էլ ստորերկրյա. ոռոգման համակարգ` Հայաստանի Հանրապետության ջրային համակարգի մի մասը, որն ընդգրկում է ոռոգման և ցամաքուրդային (դրենաժային) ջրատարներ, ջրանցքներ, ջրանցույցներ, դյուկերներ, ստորասրահներ, արագահոսներ, թունելներ, ջրանկումներ, հեղեղատարներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, արտեզյան և շատրվանող հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ծառայողական ճանապարհներն իրենց օտարման գոտիներով, շենք-շինություններով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ. լիցենզավորված անձ՝ Կարգավորող հանձնաժողովի կողմից ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում սահմանված կարգին համապատասխան լիցենզիա ստացած անձ. բաժանորդ` լիցենզավորված անձի հետ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ կամ այդ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման համար դիմած անձ. խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ՝ Կարգավորող հանձնաժողովի հաստատած փաստաթուղթ, որով սահմանվում են լիցենզավորված անձի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները և պայմանները. ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև մասնավոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են լիցենզավորված անձի կողմից մատակարարվող սպառողներին. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1 մակերևութային ջրեր` ջուր (առուներ, գետեր, լճեր, լճակներ, գերխոնավ տարածքներ, ձնածածկույթներ, սառցադաշտեր), որը հոսում է կամ հավաքվել է երկրի մակերևույթի վրա. ստորերկրյա ջրեր` ջուր (արտեզյան, գրունտային, բնաղբյուր), որը գտնվում է երկրակեղևը կազմող ապարների մեջ հեղուկ կամ գոլորշի կամ կարծր վիճակում. ստորերկրյա քաղցրահամ ջրեր` մինչև 1գ/լ հանքայնացմամբ ջրեր. արտեզյան (ճնշումային) ջրեր՝ երկրաբանական կառուցվածքում վերևից և ներքևից ջրամերժ ապարներով սահմանազատված, ճեղքավոր, ծակոտկեն կամ կարստային ապարների շերտի մեջ տեղադրված ստորերկրյա ջուր, որն ունի ճնշում, և հորատման դեպքում նրա մակարդակը կանգնում է ջրատար շերտի առաստաղից բարձր, կամ շատրվանում է. գրունտային ջրեր՝ երկրի մակերևույթից առաջին ջրամերժ շերտի վրա տեղակայված ազատ մակերևույթով գրավիտացիոն (շարժուն) ջրեր. բնաղբյուր՝ ստորերկրյա ջրի մշտական կամ ժամանակավոր գործող բնական ելք` երկրի մակերևույթին կամ ջրավազանում (ստորջրյա աղբյուր). ջրային հաշվեկշիռ՝ որոշակի տարածքի (ավազանի) սահմաններում ջրի մուտքի և ելքի բաղադրիչների քանակական հարաբերակցությունը որոշակի ժամանակամիջոցում. մակերևութային ջրային մարմին՝ մակերևութային ջրային ռեսուրսի միավոր՝ իրեն բնորոշ ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներով. ստորերկրյա ջրային մարմին` ստորերկրյա ջրերի կուտակումն այնպիսի հիդրոերկրաբանական կառուցվածքներում, որոնք ունեն ստորերկրյա ջրերի շարժման, սնման, կուտակման, բեռնաթափման ռեժիմին բնորոշ ձևեր՝ համապատասխան որակական և քանակական հատկություններով. ռիսկային ջրային մարմին՝ մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմին, որի համար առկա է ջրավազանային կառավարման պլանի իրականացման տվյալ ցիկլում ջրային մարմնի գերազանց կամ լավ կարգավիճակի չհասնելու կամ այդ կարգավիճակը չպահպանելու հավանականություն. խիստ փոփոխված ջրային մարմին՝ մակերևութային ջրային մարմին, որի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներն էականորեն փոփոխվել են մարդու գործունեության հետևանքով (անտրոպոգեն ազդեցության հետևանքով)։ Դրանք կարող են կրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ. |