Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 215 Մաքսային մարմինների պարտականությունները. 1. Մաքսային մարմինները պարտավոր են՝ 1) ապահովել մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացումը. 2) օժանդակել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի, արտաքին տնտեսական կապերի զարգացմանը. 3) վարել արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն, փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրություն և հատուկ մաքսային վիճակագրություն. 4) ապահովել և վերահսկել մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների հաշվարկման ճշտությունը և ժամանակին վճարումը. 5) միջոցներ ձեռնարկել չվճարված մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների վճարումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար. 6) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային սահմանով տեղափոխելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը. 7) ապահովել Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արգելքների ու սահմանափակումների պահպանումը. 8) ապահովել մաքսային մարմինների կողմից անձանց մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն օժանդակությունը. 9) բացահայտել, կանխարգելել և կասեցնել այն հանցագործություններն ու վարչական իրավախախտումները, որոնց նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված է մաքսային մարմինների իրավասությանը, կատարել գաղտնի քննչական գործողություններ և իրականացնել նախնական քննություն նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների հետաքննության ձևով, մաքսային գործի բնագավառում վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) գործերով իրականացնել վարչական վարույթ, աջակցություն ցուցաբերել կոռուպցիայի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում, հակազդել Միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող մտավոր սեփականության օբյեկտների, թմրանյութերի, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, զենքի ու զինամթերքի, մշակութային արժեքների և այլ առարկաների անօրինական շրջանառությանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 215 10) աջակցել պետական անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, մարդու կյանքի ու առողջության, կենդանիների ու բույսերի պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների սպառողների շահերի պաշտպանության համար ձեռնարկվող միջոցների իրականացմանը. 11) հսկողություն իրականացնել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման հետ կապված արժութային գործարքների նկատմամբ՝ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը և դրանց համապատասխան՝ արժութային կարգավորման հարցերով մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերին համապատասխան. 12) մաքսային կարգավորման միջոցների օգնությամբ պաշտպանել հայրենական ապրանք արտադրողների շահերը, ապահովել մաքսային մարմինների ռեսուրսների օպտիմալ օգտագործումը. 13) ապահովել Միության մաքսային սահմանով Միության անդամ պետությունների արժույթի, արժեթղթերի կամ արժութային արժեքների, ճանապարհային չեկերի տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդեցության միջոցներ` Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան. 14) պարզաբանել մաքսային իրավահարաբերությունների բնագավառում անձանց իրավունքներն ու պարտականությունները, օժանդակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացման գործում. 15) ապահովել Հայաստանի Հանրապետության՝ մաքսային գործին առնչվող միջազգային պարտավորությունների կատարումը, համագործակցել օտարերկրյա պետությունների մաքսային և այլ իրավասու մարմինների, մաքսային գործի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 215 16) իրականացնել մաքսային գործի բնագավառում տեղեկատվական ու պարզաբանման գործառույթներ, պետական մարմիններին, կազմակերպություններին ու անձանց տրամադրել տեղեկություններ մաքսային գործին առնչվող հարցերի վերաբերյալ. 2. Հայաստանի Հանրապետության օրենքներով մաքսային մարմիններին կարող են վերապահվել այլ պարտականություններ. 3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 351-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել պետական սահմանի անցման կետերում պետական հսկողություն իրականացնող այլ պետական մարմինների գործառույթները մաքսային մարմիններին պատվիրակելու կարգը. 4. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 351-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, կարող է սահմանել մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշ ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող որոշ միջոցների՝ պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական կառավարման համակարգի այլ մարմիններին պատվիրակման կարգը: |