Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 55 Կատարման հետաձգումը, տարաժամկետումը, կատարման եղանակ կամ կարգ սահմանելը և փոփոխելը. 1. Կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն հարկադիր կատարողին ուղղված համատեղ միջնորդությամբ խնդրելու հետաձգել կամ տարաժամկետել կատարման ենթակա ակտի կատարումը, սահմանել կամ փոփոխել կատարման եղանակ կամ կարգ։ Պետական մարմինն այս իրավունքից օգտվում է, եթե օրենքով ունի նման լիազորություն։ Հարկադիր կատարողը մերժում է միջնորդությունը, եթե դրանով ներկայացված առաջարկն անորոշ է, հակասում է օրենքին, անհնար է կատարել, կատարման դեպքում կարող է խախտել այլ անձանց իրավունքները, կամ եթե դրա դեմ առարկում է կատարողական վարույթի մասնակից երրորդ անձը։ Եթե մերժման հիմքերն ի հայտ են եկել, ներառյալ վարույթի մասնակից երրորդ անձն առարկություն է ներկայացրել միջնորդությունը բավարարելուց հետո, ապա հարկադիր կատարողը լրիվ կամ համապատասխան մասով վերացնում է իր որոշումը. 2. Եթե կատարողական վարույթին մասնակցում են մի քանի պահանջատեր և (կամ) մի քանի պարտապան, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը կարող են ներկայացնել պահանջատիրոջ և պարտապանի կողմում հանդես եկող առանձին անձինք՝ միայն իրենց միջև գործող պարտավորության մասով. 3. Դրամական պահանջի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը հիմք չէ պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացնելու համար, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքերի։ Կատարողական վարույթի կողմերի համատեղ միջնորդությունը կարող է պարունակել պայմաններ պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքները լրիվ կամ մասնակի վերացնելու, պարտապանի եկամուտների վրա բռնագանձումը լրիվ կամ մասնակի դադարեցնելու կամ դրանց վրա օրենքով թույլատրված չափով բռնագանձում տարածելու մասին. 4. Դրամական պահանջի կատարման հետաձգման կամ տարաժամկետման դեպքում արգելադրված գույքը կարող է հարկադիր իրացման ներկայացվել միայն կետանցված պարտքի առկայության դեպքում, իսկ կատարման հետաձգման կամ տարաժամկետման մասին որոշումը հիմք է դրա ընդունման պահին ընթացող հերթական հարկադիր աճուրդը դադարեցնելու և աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չկնքելու համար։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 55 5. Կատարողական վարույթի կողմը կարող է դիմում ներկայացնել կատարման ենթակա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան՝ ոչ դրամական պահանջի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման խնդրանքով։ Դիմումին կցվում են դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին և հարկադիր կատարողին ուղարկելու վերաբերյալ ապացույցներ։ Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում դիմումը չի քննարկվում, որի մասին դիմողը տեղեկացվում է դիմումը դատարանում ստացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում. 6. Դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։ Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են կատարողական վարույթի մասնակիցները, իսկ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար. 7. Դատարանում դիմումի քննությունը չի կասեցնում կատարողական գործողությունները. 8. Դիմումի քննության արդյունքներով դատարանը, առաջնորդվելով կատարողական վարույթի նպատակով և կատարողական վարույթի մասնակիցների իրավաչափ շահերի ողջամիտ հարաբերակցության չափանիշով, կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ. 9. Կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման անհնարինության դեպքում հարկադիր կատարողը մինչև կատարողական վարույթը սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիման վրա ավարտելու վերաբերյալ որոշում կայացնելը կատարողական վարույթի կողմերին ծանուցում է սույն հոդվածով նախատեսված իրավունքների մասին՝ պարզաբանելով այդ իրավունքների իրականացման կարգը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 55 10. Հարկադիր կատարողը դիմում է ներկայացնում կատարման ենթակա դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան՝ ոչ դրամական պահանջի կատարման եղանակի և (կամ) կարգի սահմանման կամ փոփոխման խնդրանքով, եթե պարտապանը Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը), և սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ծանուցումն ուղարկելուց հետո մեկամսյա ժամկետում՝ 1) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չեն սահմանվել կամ փոփոխվել կատարման եղանակը և (կամ) կարգը, 2) կողմերից որևէ մեկը չի ներկայացրել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմում. 11. Հարկադիր կատարողի դիմումը ներկայացվում և քննվում է սույն հոդվածով սահմանված կանոններով։ Հարկադիր կատարողի դիմումի քննության շրջանակներում դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է նաև հարկադիր կատարողը (Ծառայությունը)։ |